Ամաչում եմ, որ հայ եմ, երբ Արմենչիկին վաստակավորի կոչում են տալիս. Ծատուրյան
Lifestyle«Կառավարությունը չի տալիս այն, ինչ պետք է իսկապես արժանավորներին։ Ամաչում եմ, որ հայ եմ, երբ Արմենչիկին վաստակավորի կոչում են տալիս»,- ասում է ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյանը։
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Ծատուրյանը կարծիք հայտնեց, որ պատգամավորների 70 տոկոսը, լինելով «Զմբռլախ» գյուղի բնակիչ, չի կարողանում տարբերել իրական արժեքը աղբից։
«Քաղաքակրթությունը մեզ մոտ թույլ է եւ թույլ չի տալիս իսկապես գնահատել արվեստը։ Մեզ մոտ մի ֆրազա կա՝ լավն ա, ոչինչ»,- ասում է Ծատուրյանը եւ պնդում, որ այդ սահմանումը դառնալու է չափանիշ։
«Բարձր արվեստը ստեղծում է թեւեր, վատ թատրոնը, վատ արվեստը՝ սմբակներ, մեզ մոտ դրանց թիվը շատանում է»,- նշում է Ծատուրյանը։
Վերջինս չի սիրում պաթոսը, սակայն սերիալների նկատմամբ իր դիրքորոշումը հստակ է` սերիալը փող աշխատելու միջոց է.
«Ընկերներիցս մեկը լավ բնորոշեց սերիալային իրարանցումը` ասելով. «Է, թող նկարեն, որ դերասանները փող աշխատեն, բայց հետո այն ցույց չպետք է տան»: Բայց եթե արվեստը դարձավ միայն փող աշխատելու միջոց, այն կվերանա»,- ասում է նա: