«Շեքսպիր ակումբ»-ը կանցկացնի As You Like It խորագիրը կրող մրցույթ
Մշակույթ«Շեքսպիր ակումբ» անգլախոսների ասոցիացիան ապրիլի 1-ին «Այբ» դպրոցում կանցկացնի As You Like It խորագիրը կրող մրցույթ:
Ինչպես տեղեկացրին ասոցիացիայից, նախատեսվում է պարբերաբար անցկացնել նման մրցույթներ:
«Մրցույթը բաղկացած է երեք փուլից: Առաջին փուլում երեխաները հետաքրքիր փաստերի միջոցով կփորձեն բացահայտել Շեքսպիրին մեկ այլ տեսանկյունից: Երկրորդ փուլում նրանք հմտությունները կկիրառեն ասմունքի վարպետության մեջ, իսկ երրորդ փուլում, օգտագործելով իրենց երևակայությունը, կներկայացնեն տվյալ հեղինակի ստեղծագործություններից որևէ հատված»,-տեղեկացրին «Շեքսպիր ակումբ» անգլախոսների ասոցիացիայից:
Մրցույթի խորագիրը պատահական չէ ընտրված, քանի որ այս տարի նշվում է Շեքսպիրի մահվան 400 ամյակը:
«Մրցույթն անդրադառնալու է ոչ միայն համաշխարհային, այլև հայ հեղինակներին: Այս մրցույթների նպատակն է հետաքրքիր, ժամանցային և ստեղծագործական մթնոլորտում դպրոցականներին ծանոթացնել մեծ հեղինակների գրական գործերին, կյանքին և գործունեությանը»,-հավելեցին ասոցիացիայից:
Մասնակիցներին կտրամադրվեն խրախուսական մրցանակներ, ինչպես նաև այցելություն Երվանդ Քոչարի թանգարան, իսկ հաղթող թիմը կմասնակցի թեյախմության Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ:
Այս մրցույթն իրականացնելու գործում «Շեքսպիր ակումբ» անգլախոսների ասոցիացիան համագործակցում է Բրիտանական խորհրդի և ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատան հետ: