Երեւանյան մարմնավաճառները կարող են հայտնվել Youtube-ում
Երեւանյան մարմնավաճառները կարող են Youtube-ում հայտնվել: Գնումներ կատարելու սիրահարները եւ պարզապես Արշակունյաց պողոտայով երթեւեկողները կարող են նոր «ճանապարհային նշան» տեսնել, որը տեղադրվել է «Երեւան մոլլ» առեւտրի կենտրոնի դիմաց:
«Արգելող նշանի» վրա պատկերված են ավտոմեքենա եւ կանացի մարմին՝ դեպի հաճախորդ-վարորդը թեքված դիրքով: Այլ կերպ ասած՝ մարմնավաճառներին արգելվում է այստեղ կանգնել: Հատուկ «հասկացողների» համար ներքեւում գրված է. «Ժամը 22-ից 10-ը կայանելու դեպքում կհայտնվեք ինտերնետում»:
Նորույթով հետաքրքրված NEWS.am-ի թղթակիցը դիմեց «Երեւան մոլլ»-ի աշխատակազմին: Այստեղ պարզաբանեցին, որ նշանը տեղադրել են, քանի որ մարմնավաճառները ձանձրացրել են իրենց:
«Նշանը շուրջ մեկ ամիս առաջ է տեղադրվել: Իսկապես խնդիր կար: Մոտավորապես 22:40-ից հնագույն մասնագիտության ներկայացուցիչները հավաքվում էին, եւ տեսարանն ամենեւին էլ գեղեցիկ չէր: Նշանը տեղադրելուց հետո խնդիրը լուծվեց: Իհարկե, մարմնավաճառների հետ միասին անհետացան նաեւ տաքսիները»,- նշեցին առեւտրի կենտրոնում: