ՀՀ կառավարությունը կարևորում է կայուն հանքարդյունաբերության զարգացումը. վարչապետն ընդունել է «Պոլիմետալ»-ի ներկայացուցիչներին
ՏնտեսությունՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը մայիսի 12-ին ընդունել է «Պոլիմետալ» բաժնետիրական ընկերության նախագահ Իգոր Ֆինոգենովին և ընկերության գործադիր տնօրեն Վիտալի Նեսիսին: Հովիկ Աբրահամյանը ողջունել է ընկերության գործունեությունը և ներդրումային ծրագրերը Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում՝ նշելով, որ ՀՀ կառավարությունը կարևորում է ՀՀ տնտեսական զարգացման և աճի ապահովման առումով էական նշանակություն ունեցող պատասխանատու և կայուն հանքարդյունաբերության զարգացումը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Իգոր Ֆինոգենովը գոհունակությամբ փաստել է, որ Հայաստանում ստեղծված են բոլոր հնարավորություններն արդյունավետ գործունեություն ծավալելու համար, և շուրջ 1200 աշխատակից ունեցող «Պոլիմետալ» ընկերությունը հետաքրքրված է ներդրումային ծրագրերի շարունակական իրականացմամբ:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանում ընկերության ընթացիկ ծրագրերին, ինչպես նաև համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր՝ երկուստեք ընդգծելով սոցիալական և բնապահպանական պատասխանատվության սկզբունքի կարևորությունը: