Զիդան. Հավատում ենք՝ «Ռեալը» կարող է չեմպիոն դառնալ
Սպորտ«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն Իսպանիայի առաջնության վերջին տուրի՝ «Դեպորտիվոյի» հետ խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, որ իր թիմը չի կորցրել չեմպիոն դառնալու հույսը: Այժմ «Ռեալը» մեկ միավորով է զիջում առաջատար «Բարսելոնային», որը վերջին տուրում հյուրընկալվելու է «Գրանադային»:
-Մենք հավատում ենք, որ «Ռեալը» կարող է չեմպիոն դառնալ: Ինչո՞ւ պետք է չհավատանք: Իմ թիմը 11 անընդմեջ հաղթանակ է տոնել և 1 միավորով է զիջում «Բարսելոնային»: Մինչև վերջ հավատալու ենք մեր հնարավորություններին: «Դեպորտիվոյի» հետ խաղի նշանակությունը հնարավոր չէ թերագնահատել, պարտավոր ենք 3 միավոր վաստակել, իսկ հետո ամեն ինչ կանենք Չեմպիոնների լիգայի եզրափակչում հաղթելու համար: Այնտեղ մեր ու «Ատլետիկոյի» հնարավորությունները հավասար են:
Այժմ մտածում ենք միայն «Դեպորտիվոյի» հետ հանդիպման մասին: Բարդ է լինելու, քանի որ ամուր թիմի հետ արտագնա խաղ է: «Դեպորտիվոն» կցանական իր երկրպագուների առջև ուրախ նոտայով ավարտել առաջնությունը, բայց մենք առաջինից մինչև վերջին րոպեն պայքարելու ենք 3 միավորի համար: «Գրանադային» մոտիվացնելու կամ ֆուտբոլիստներին բոնուսներ վճարելու անմիտ խոսակցությունների մասին չեմ խոսելու: Մեր նպատակը 3 միավոր վաստակելն է,-Զիդանի խոսքը մեջբերված է «Goal.com»-ից:
«Դեպորտիվո»-«Ռեալ» և «Գրանադա»-«Բարսելոնա» խաղերը կայանալու են մայիսի 14-ին և մեկնարկելու են Երևանի ժամանակով 19:00-ին: