Վրաստանի և Հայաստանի միջև բացվել է նոր սահմանային տեղամաս
Վրաստանի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Չիկաիձեն Վրաստանի և Հայաստանի պետական սահմանում բացել է ևս մեկ սահմանային տեղամաս: Ինչպես փոխանցում է Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը, բացվել է Վրաստանի ցամաքային սահմանի Ցամաքային ոստիկանության երրորդ վարչության «Կարմիր կամուրջ» դեպարտամենտի հինգերորդ «Բուրդազոր» տեղամասի շենքը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 2014-ին Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հատկացրել է նոր միջոցներ` Վրաստանի և Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի սահմանագծում նոր սահմանային գոտիների կառուցման համար: Ըստ նախարարության` դա կնպաստի սահմանապահների ծառայության բարելավմանը:
Վրաց-ռուսական սահմանագոտում կառուցվել է երեք սահմանային տեղամաս, վրաց-ադրբեջանականում` 2, իսկ Հայաստանի հետ սահմանագոտում` 5 տեղամաս: