Հովիկ Աբրահամյանը վստահեցնում է՝ Հայաստանի ցանկացած քաղաքացի առանց արհեստական խոչընդոտների կարող է ներկրել ցանկացած ապրանք
ՏնտեսությունՀայաստանի յուրաքանչյուր քաղաքացի կարող է հանգիստ ներկրել ցանկացած ապրանք, որևէ ապրանքի ներկրման արհեստական խոչընդոտներ չեն լինելու: Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ պատասխանելով անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հարցին:
«Շատ են խոսում, որ հեղուկ վառելիքի, շաքարավազի, տարբեր սննդամթերքի ներկրման առումով կան մենաշնորհներ: Հիմա ես հայտարարում եմ՝ յուրաքանչյուր գործարար կարող է ներկրել, ինչ կցանկանա: Թող բոլորը զբաղվեն գործարարությամբ: Որևէ արհեստական խոչընդոտ չի լինելու»,- ասաց վարչապետը:
Նա հավելեց, որ ինքը հետևողական է լինելու, որպեսզի որևէ գերատեսչության, պատկան մարմնի կողմից որևէ մեկի նկատմամբ առանձնակի մոտեցում չլինի: «Բոլորի համար լինելու են հավասար պայմաններ, հավասար հարկային պայմաններ, բոլորը պետք է գործեն հավասար հարկային դաշտում»,- եզրափակեց Աբրահամյանը: