«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց թանգարանը հյուրընկալել է «Հին Երևան» լուսանկարների ցուցահանդեսը
Մշակույթ«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց թանգարանն իր բացօթյա տարածքը «Թանգարանային գիշեր» միջոցառման շրջանակներում տրամադրել է Երևանի տարբեր թանգարանների, որոնք բացօթյա ցուցադրության հնարավորություն չունեն:
ԻԿՕՄՕՍ-ի Հայաստանի նախագահ, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը մայիսի 21-ին հրավիրված ասուլիսում նշեց. «Քանի որ այս տարի Թանգարանների միջազգային օրվա կարգախոսն է «Թանգարանները և մշակութային լանդշաֆտները», ցանկանում են ԻԿՕՄՕՍ-ի կարգախոսին համահունչ միջոցառում անցկացնել: Երևանի թանգարանների մեծ մասը չունեն իրենց բացօթյա տարածքը, ուստի մենք որոշեցինք Երևանի թանգարանների ցուցահանդեսը անցկացնել «Էրեբունի» մշակութային լանդշաֆտում»:
Բացօթյա հատվածում ներկակացվում է «Հին Երևան» լուսանկարների ցուցահանդես, իսկ ժամանակավոր ցուցադրությունների սրահում` Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանի գործերը, որոնք ստեղծվել են Հայաստանի Հանրապետության անկախության տարիներին: Գյուրջյանը նշեց նաև, որ կազմակերպվելու են Անկախության 25-րդ տարեդարձ առիթով միջոցառումներ: