Իրանը ռազմական օգնություն կհատկացնի լիբանանյան բանակին
ՄիջազգայինԻրանի ղեկավարությունը որոշում է ընդունել ռազմական օգնություն տրամադրել լիբանանյան բանակին ահաբեկչության դեմ պայքարելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 30-ին հաղորդել է «ալ Մայադին» հեռուստաալիքը՝ վկայակոչելով Իրանի ազգային անվտանգության գլխավոր քարտուղար Ալի Շամխանիի հայտարարությունը:
Լիբանանի վարչապետ Թամա Սալյամի հետ Բեյրութում կայացած հանդիպմանը Շամխանին ասել է, որ «Իրանը որոշում է ընդունել օգնություն տրամադրել լիբանանյան բանակին, որը ներառում է ռազմական տեխնիկա»: Գլխավոր քարտուղարը հավելել է, որ «այն ամենը, ինչ մեզ (Իրանին) հետաքրքրում է, հիմնականում անվտանգության և կայունության ամրապնդումն է Լիբանանում»:
Սալյամի հետ հանդիպման ավարտից հետո գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Լիբանանի կառավարությունը ողջունել է իրանական նախաձեռնությունը:
Ավելի վաղ լիբանանյան բանակին 4 մլրդ դոլարի չափով ֆինանսական օգնություն էր հատկացրել Սաուդյան Արաբիան և 1 մլրդ դոլարի չափով՝ ԱՄՆ-ը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: