Հայաստանի սպառողական շուկայում գրանցվել է գնանկում
ՏնտեսությունՀայաստանի սպառողական շուկայում 2016 թվականի հունվարին արձանագրվել էր բարձր գնաճ` 2.2 տոկոս, այնուհետև 4 ամիս արձանագրվել է շարունակական գնանկման միտում: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշել է ՀՀ ազգային վիճակագրականծառայության նախագահի խորհրդական ԳուրգենՄարտիրոսյանը ՝ ներկայացնելով վերջին 4 ամսվա սպառողական ապրանքների գնային փոփոխությունները:
«Սպառողական շուկայում 470 անուն ապրանք-ծառայություններից 209-ում արձանագրվել է գնաճ, 241-ում` գնանկում, 29-ի գները մնացել են անփոփոխ:
Հայաստանի Հանրապետության 11 բնակավայրերից 8-ում մայիսին` ապրիլի համեմատ արձանագրվել է գնանկում: Ամենաբարձր գնանկումն արձանագրվել է Երևան քաղաքում` 1 տոկոս, 3 քաղաքներում` Հրազդանում, Եղեգնաձորում, Գավառում արձանագրվել է 0.3-0.7 տոկոսի սահմաններում գնաճ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Գուրգեն Մարտիրոսյանը:
Նրա խոսքով, պարենային մթերքների գները նվազել են 1 տոկոսով, ոչ պարենային ապրանքներ գնանկումը կազմել է 0.6 տոկոս, ինչի վրա իր անմիջական ազդեցությունն է թողել ձվի, բանջարեղենի և կարտոֆիլի շուկայում գրանցված գնանկումը` 11.4-7.1 տոկոսի սահմաններում:
Հրուշակեղենի, ոչ ոգելից խմիչքների դեպքում գինը մնացել է անփոփոխ: Ընթացիկ տարվա մայիսին, ապրիլի համեմատ, գնաճ է արձանագրվել նաև հացամթերքի, մսամթերքի, ձկնամթերքի ապրանքախմբում: Նշված ժամանակահատվածում մրգի ապրանքային խմբում արձանագրվել է շուրջ 3.4 տոկոս գնաճ: Ոգելից խմիչքների, ծխախոտի պարագայում նույնպես արձանագրվել է գնաճ:
2016 թվականին մայիսին, ապրիլի համեմատ, վառելիքի ոլորտում արձանագրվել է հետևյալ պատկերը` բենզինի գինը աճել է 0.5տոկոսով, դիզելային վառելիքի գինը նվազել է 2.9 տոկոսով: