2015 թվականին մոտ 15 հազար արյունատվություն է իրականացվել
ՀասարակությունՅուրաքանչյուր առողջ մարդ հնարավորության դեպքում պետք է արյուն հանձնի, քանի որ առողջական խնդիրներ ունեցող բոլոր երեխաները արժանի են կյանքի: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Պրոֆ. Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի կամավոր դոնորներից Արեւ Խաչատրյանը, ով 2014 թվականից հանդիսանում է արյան դոնոր:
«Երբ ընկերուհուցս իմացա բարեգործական այս ակցիայի մասին, որոշեցի անպայման միանալ, քանի որ ես ինքս նաեւ մանկական ատամնաբույժ եմ, աշխատում եմ առողջական խնդիրների ունեցող բալիկների հետ, համագործակցում ենք նաեւ բժիշկների հետ: Իմ շրջապատում էլ շատ շատերը արյան դոնորներ են, սակայն կարծում եմ՝ այժմ հասարակության շրջանում առկա է հիմնականում անիրազեկվածության խնդիրը, ինչպես նաեւ մի փոքր եսասիրությունը, քանի որ եթե բարեկամդ է խնդիր ունենում, արյուն կհանձնես, իսկ ուրիշի համար միգուցե չես անի»,-ասաց դոնորը:
Ամեն տարի ամբողջ աշխարհում հավաքագրվում է մոտավորապես 108 մլն լիտր արյուն: Կամավոր դոնորության մակարդակը զարգացած երկրներում ավելի քան 9 անգամ գերազանցում է զարգացող երկրներում նույն մակարդակին: Արյան փոխներարկումը լայնորեն կիրառվում է վիրաբուժության, մանկաբարձության, գինեկոլոգիայի, այրվածքաբանության, արյունաբանության եւ այլ ոլորտներում:
Եթե Հայաստանում 2000-2001 թվականներին իրականացվում էր մոտ 6000-7000 արյունատվություն, ապա 2015 թվականին կատարվել է մոտ 15 հազարը, սակայն մասնագետների պնդմամբ՝ այսօր դեռեւս կա հավաքագրվող արյան քանակի ավելացման խնդիր: