Հա´մ գները բարձրացրել եք, որ ճեղքվածքը փակենք, հա´մ էլ դրա համար պարտք ենք վերցնում. Ն.Փաշինյան
ՏնտեսությունԱյսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկում է «ՀՀ եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ 2016թ. մայիսի 12-ին ստորագրված «Էներգետիկայի ոլորտի ֆինանսական առողջացման ծրագիր» վարկային համաձայնագիրը, ըստ որի` ՀՀ-ին կտրամադրվի 30 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկ,- հայտնում է ORER.am-ը:
Նշենք, որ տվյալ վարկի մարումը սկսվելու է 2030թ. նոյեմբերի 15-ից եւ ավարտվելու է 2040թ. նոյեմբերի 15-ին: Վարկի մի մասը տրամադրվելու է Հայկական ատոմային էլեկտրակայանին:
Նախագիծը ներկայացնող Էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանին հարց ուղղեց ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ վերջին երեք տարում եղան էլեկտրաէներգիայի թանկացումներ՝ «բարձրացնելով սակագինը՝ մեզ վստահեցնում էիք, թե պարտքեր ունենք, դրա համար պետք է սպառած հոսանքի համար ավելի վճարենք»:
«Հա´մ գները բարձրացրել եք, որ ճեղքվածքը փակենք, հիմա էլ դրա համար պարտք ենք վերցնում: ՀԷՑ-ը հսկայական պարտքեր է ունեցել, սակայն ամենահետաքրքիրն այն է, որ պարտք չի ունեցել Հրազդանի ՋԷԿ-ին, Հրազդանի էներգաբլոկին, քանի որ նրանց հետ ունի հայտնի կապեր:
Էս ո՞նց է պատահել: Պարտքերի մեջ նշված է, որ վարկային այլ միջոցներ են վերցրել այդ ընկերությունները: Հետաքրքիր է թե այդ ի՞նչ միջոցներ են»,- հարցերց ընդդիմադիր պատգամավորը:
Ա.Գալստյանը, հարցին ի պատասխան, նշեց. «Մի քանի տարվա ընթացքում պետական երկու ընկերություն կատարել է իրեն ոչ բնորոշ գործունեություն՝ կատարել են փոխառություններ, որով, օրինակ, վճարվել են «Նաիրիտ» գործարանի աշխատողների աշխատավարձերը:
Արդյունքում՝ այդ ընկերությունները չեն կատարել իրենց բնականոն աշխատանքը ու վերցրել են վարկային միջոցներ: Հիմա այս վարկային համաձայնագրով մենք պետք է բերենք այդ ընկերությունները նորմալ հենքի վրա ու վերակառուցենք՝ թանկ փողերը փորձում ենք էժան փողերով վերակառուցել:
Դրանք դեբյուտորական պարտքեր են, որոնք կուտակվել են փոխառությունների արդյունքում»,- ասաց նա: