Հալեպում հայեր են վիրավորվել
ՄիջազգայինՀալեպի հայկական Նոր գյուղ թաղամասում հոկտեմբերի 1-ի կեսօրին զինյալները գազի տակառ են նետել: Այս մասին «Արմենպրես»–ը տեղեկացավ «Գանձասար» թերթի խմբագրությունից: Տակառն ընկել է Ազգային Զավարյան վարժարանի մերձակայքում, որի հետևանքով զոհվել է արաբ երիտասարդ և վիրավորվել են 2 հայեր՝ Շահե Շահինյանը և Ավետիս Սոլաքյանը: Բարեբախտաբար, վիրավորների վիճակը մտահոգիչ չէ:
Երբեմնի հայաշատ Նոր գյուղ թաղամասն այսօր աղետի շրջան է, ամայացած ու ավերակ: Հայկական Նոր գյուղ թաղամասում ընկած հրթիռները, մարդկային վնասներից բացի, նյութական սարսափելի վնասներ են պատճառել: Նոր գյուղում մեծաթիվ բնակարաններ բոլորովին անբնակելի են դարձել, իսկ հարյուրավոր բնակարաններ նորոգելու կարիք ունեն:
Կոչ է ուղղվել համայն հայությանը՝ բոլոր միջոցներով սատար կանգնել ի նպաստ անմարդկային հրթիռաձգության կասեցման՝ հանուն աղետահար ժողովրդի ֆիզիկական անվտանգության ապահովման: