Ճապոնիայում հրաբխից հետո անհայտ է մնում առնվազն 24 մարդու ճակատագիրը
ՄիջազգայինՃապոնիայում սեպտեմբերի 27-ին Օնտակե հրաբխի ժայթքումից հետո չի հաջողվում պարզել առնվազն 24 մարդու գտնվելու վայրը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Կիոդո գործակալությանը:
Ներկայումս բժիշկները պաշտոնապես արձանագրել են 47 մարդու մահը: Փրկարարների տվյալներով՝ գրեթե 70 մարդ տարբեր աստիճանի ծանրության վերքեր է ստացել:
Հոկտեմբերի 2-ի առավոտյան ոստիկանության և հրշեջ պահպանության փրկարար ստորաբաժանումների շուրջ հազար աշխատակիցներ վերսկսել են որոնողափրկարարական գործողությունը, սակայն սկսված անձրևի պատճառով աշխատանքները դադարեցվել են, քանի որ տեղումները կարող են ցեխահոսքեր առաջացնել:
Հրաբխային ակտիվությունը նվազել է, բայց չի դադարել: Դա նկատելիորեն բարդացնում է փրկարարների աշխատանքը, որոնք օդում թունավոր գազերի կուտակման, ինչպես նաև հրաբխի նոր ժայթքման սպառնալիքի պատճառով մի քանի անգամ հարկադրված են եղել դադարեցնել որոնողական աշխատանքները:
Հրաբխի ժայթքումը Ճապոնիայի Նագանո և Գիֆու պրեֆեկտուրաների սահմանում տեղի է ունեցել սեպտեմբերի 27-ի առավոտյան: Ժայթքումն անակնկալ է դարձել 250 զբոսաշրջիկների համար: Նրանց մեծ մասը կարողացել է պատսպարվել այն տնակներում, որտեղ ալպինիստները սովորաբար հանգստանում են, մնում են գիշերելու կամ սպասում են, մինչև եղանակը լավանա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: