Այսօր տեղեկություն տարածվեց, որ շուտով պաշտոնանկ է արվելու Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը՝ կապված Հյուսիս-Հարավ մայրուղու հարակից տարածքները աստղաբաշխական գներով պետությանը վաճառելու փաստի հետ:
Եվ ահա, Orer.am-ի աղբյուրները հետաքրքիր տեղեկություններ են հաղորդում մարզպետի հավանական պաշտոնանկության իրական պատճառների մասին: Պարզվում է՝ Հյուսիս-Հարավ մայրուղու որոշակի հատվածի շինարարության բնականոն ընթացքը ապահովելու համար անհրաժեշտություն է առաջացել հիմնել ասֆալտի գործարան և խճաղաց: Շինարարական կազմակերպությունը դիմել է մարզպետին՝ խնդրելով տրամադրել վարձակալական տարածք՝ վերոնշյալ արտադրամասերի համար: Մարզպետը համաձայնվել է տրամադրել տարածք, բայց մի պայմանով՝ շին. կազմակերպությունը տարածքի համար վարձ չի վճարում, բայց շինարարության ավարտից հետո արտադրամասը իր ողջ գույքով դառնում է Սահակյանի սեփականությունը:
Տեղեկատվությունը փոխանցվել է վարչապետ Հովիկ Աբրահամյանին, ով, ըստ մեր տեղեկությունների, այս պահին հակված է Սահակյանին ազատել Արագածոտնի մարզպետի պաշտոնից: