Շեքսպիրի ստեղծագործությունների հիման վրա նկարահանված ֆիլմերը կցուցադրվեն «Ոսկե ծիրան» կինոփառատոնին
Մշակույթ«Ոսկե ծիրան» 13-րդ Երևանի միջազգային կինոփառատոնին Բրիտանական խորհրդի հետ համագործակցության շրջանակներում փառատոնի արտամրցութային ծրագրերում ներառված է շեքսպիրյան յոթ ֆիլմ: Այս տարի ողջ աշխարհում Բրիտանական ֆիլմերի ինստիտուտն սկսում է լայնածավալ ծրագիր` ներկայացնելով շեքսպիրյան ֆիլմերը: Կներկայացվեն 1899 թվականից մինչ օրս Շեքսպիրի ստեղծագործությունների հիման վրա նկարահանված ֆիլմեր:
Շեքսպիրի մահվան 400-րդ տարին նշանավորող միջոցառումների շրջանակում «Ոսկե ծիրան» կինոփառատոնին ներկայացված է «Շեքսպիրն ապրում է կինոյում» ծրագիրը: Հուլիսի 10-17-ը կինոփառատոնին կցուցադրվեն Լորենս Օլիվյեի և Քենեթ Բրանայի «Համլետներ»-ը, Ֆրանկո Ձեֆիրելլիի «Ռոմեո և Ջուլիետը», Փիթեր Բրուքի «Լիր արքան», Ռոման Պոլանսկու «Մակբեթը», Դերեք Ջարմենի «Փոթորիկը» և Փիթեր Գրինըուեյի «Պրոսպերոյի գրքերը» ֆիլմերը:
Ներկայացված ֆիլմերը նկարահանվել են 1948-ից մինչև 1996 թվականները և արժանացել տարբեր մրցանակների:
Բրիտանական խորհուրդը և «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնը համագործակցել են տարիներ շարունակ: Համագործակցության շրջանակում փառատոնի ծրագրում ընդգրկվել են բրիտանական ֆիլմեր, ներկայացվել են մրցանակներ և անցկացվել դասընթացներ մասնակիցների և ուսանողների համար: