Ինջիղուլյանի մոտ ախտորոշվել է սթրեսային վիճակ, բժշկի կարծիքը` ծառայությունը շարունակելու մասին
Ադրբեջանական գերությունից երրորդ երկիր տեղափոխված և հայրենիք վերադարձած Հակոբ Ինջիղուլյանի բուժհետազոտության արդյունքներն արդեն հայտնի են: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենի տեղակալ բուժական և ընդհանուր հարցերի գծով Ռուբեն Օրգուսյանը, Ինջիղուլյանի մոտ առանձնապես լուրջ հիվանդություններ չեն հայտնաբերվել: «Նրա մոտ գրանցվել է սթրեսային վիճակ' չափավոր վեգետատիվ անոթային դիստոնիայով: Նրան հիմա հանգիստ է անհրաժեշտ, և ժամանակի ընթացքում այս երևույթները կանցնեն: Թեթև բուժում են նշանակել, որ հանգիստ լինի»,- ասաց բժիշկը:
Մեր հարցին' արդյոք նման ախտորոշմամբ Հակոբ Ինջիղուլյանն ի վիճակի է շարունակել ծառայությունը, բժիշկն ասաց, որ «իր կարծիքով՝ ոչ»:
Ինջիղուլյանի բուժհետազոտությունն անցկացնելու նպատակով կազմվել էր մասնագիտական խումբ, որն էլ իրականացրել է բուժզննումը, կատարվել են տարբեր հետազոտություններ՝ ընդհանուր անալիզներից մինչև գլխուղեղի զննում: