Խորենացի փողոցում ոստիկանների և ցուցարարների միջև բախում է տեղի ունեցել
ՀասարակությունԽորենացի փողոցում հավաքված ցուցարարների և ոստիկանության միջև բախում է տեղի ունեցել:
Ցուցարարները քարեր և տարբեր իրեր են նետել ոստիկանների ուղղությամբ:
ՀՀ ոստիկանապետի տեղակալ Սամվել Հովհաննիսյանը հայտնեց, որ ոստիկանության կողմից կան տուժածներ:
Առավել վաղ ոստիկանության ներկայացուցիչը ցուցարարներին հանդուրժողականության կոչ էր արել: Ոստիկանների և ցուցարարների բանակցությունների ընթացքում որոշ ցուցարարներ փորձել էին ճեղքել ոստիկանների կազմած շարքը, ինչից հետո էլ տեղի ունեցավ բախումը:
Հիմնական խնդիրն առաջացել էր ՀՀ ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքում գտնվող անձանց սնունդ փոխանցելու խնդրի առնչությամբ:
Հուլիսի 17-ի առավոտյան մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահել այնտեղ գտնվող անձանց` պահանջելով ազատ արձակել մոտ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռ բերելը, փոխադրելը և պահելը կազմակերպելու մեղադրանքով կալանավորված Ժիրայր Սեֆիլյանին:
ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա հարձակման հետևանքով զոհվել է Ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը: Հարձակման ընթացքում հրազենային վնասվածքներ են ստացել ՀՀ Ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, Ոստիկանության փոխգնդապետ Հրաչ Խոստեղյանը, Ոստիկանության ենթասպա Գագիկ Մկրտչյանը: