Դեսպան Մկրտչյանը Լիբանանի գյուղատնտեսության նախարարի հետ քննարկել է ոլորտային համագործակցությունը
ՏնտեսությունԼիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը հուլիսի 20-ին հանդիպել է Լիբանանի գյուղատնտեսության նախարար Աքրամ Շեհայեբի հետ։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Լիբանանի միջև գյուղատնտեսության ոլորտում համագործակցության հեռանկարները։
Այս մասին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, որի հաղորդագրության մեջ նաև նշված է. «Ընդգծվեց լիբանանյան ներդրմամբ Հայաստանում գյուղատնտեսական ծրագրերի իրականացման հաջող փորձը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում նմանօրինակ նախագծերի շարունակականության ապահովման անհրաժեշտությունը։
Գյուղատնտեսության բնագավառում հայ-լիբանանյան գործարար կապերի ամրապնդման և դեպի Հայաստան լիբանանյան կապիտալի ներհոսքի առումով երկուստեք կարևորվեց փոխայցելությունների կազմակերպումը:
Նախարար Շեհայեբը ներկայացրեց նաև Լիբանանի գյուղմթերքների արտադրողներին տրամադրվող արտահանման աջակցության մեխանիզմները։
Անդրադարձ կատարվեց երկու երկրների միջև գյուղատնտեսության ոլորտում համագործակցության իրավական հիմքի զարգացմանը»։