Զինված խումբն այսօր այրել է ՊՊԾ գնդի 3 ծառայողական մեքենա
ՀասարակությունՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք ներխուժած զինված խումբը հուլիսի 25-ին այրել է գնդի 3 ծառայողական մեքենա:
Ոստիկանությունը հրապարակել է մեքենաների հրդեհը ներկայացնող տեսանյութ:
Հուլիսի 24-ին ևս նրանք այրել էին գնդի ավտոմեքենաներից մեկը և վառվող մեքենան դուրս բերել փողոց:
Հուլիսի 17-ի առավոտյան մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահել այնտեղ գտնվող անձանց` պահանջելով ազատ արձակել մոտ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռ բերելը, փոխադրելը և պահելը կազմակերպելու մեղադրանքով կալանավորված Ժիրայր Սեֆիլյանին:
ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա հարձակման հետևանքով զոհվել է Ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը: Հարձակման ընթացքում հրազենային վնասվածքներ են ստացել ՀՀ Ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, Ոստիկանության փոխգնդապետ Հրաչ Խոստեղյանը, Ոստիկանության ենթասպա Գագիկ Մկրտչյանը: Նրանք մեկ շաբաթվա ընթացքում ազատ են արձակել բոլոր պատանդներին, իսկ վերջին չորս ոստիկաններին, այդ թվում՝ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանին և Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին ազատ են արձակել հուլիսի 23-ին: