Գիշերվա իրադարձություններից տուժածներից 9-ը վերակենդանացման բաժանմունքներում են
ՀասարակությունՍարի թաղում և Խորենացի փողոցում հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը տեղի ունեցած միջադեպի հետևանքով վիրավորված քաղաքացիներից 25-ը բուժում են ստանում Երևանի հիվանդանոցներում: Նրանցից 13-ը գտնվում են «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում:
Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, լրագրողների հետ ճեպազրույցում «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի տնօրեն Վաչագան Այվազյանը տեղեկացրեց, որ տուժածներից 15-ն այս գիշեր կամ վաղը ցերեկը կկարողանան արդեն դուրս գրվել:
«Այս պահին բուժում ստացողներից 9-ը վերակենդանացման բաժանմունքներում են, նրանցից 2-ը` «Էրեբունի» ԲԿ-ում, իսկ 7-ը` «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում»,- նշեց Այվազյանը:
Նրա հաղորդմամբ` ամենածանր տուժածը ոստիկանն է, ով «Էրեբունի» ԲԿ-ում է: Նա հրազենային վիրավորում է ստացել փորի շրջանում, վնասվել է հաստ աղիքը: Այվազյանի խոսքով` նախնական ապաքինումից հետո նրան երկարատև բուժում և բարդ վիրահատություններ են սպասում:
Մյուս տուժածը զինված խմբի անդամ է, ում վնասվածքը եղել է սրունքի շրջանում: Նա վիրահատվել է, բժիշկներն այժմ վիճակը բավարար են գնահատում: