Էդվարդ Նալբանդյանը ՀՀ-ում Քուվեյթի առաջին դեսպանին պարգևատրել է ԱԳՆ Պատվո մեդալով
ՀասարակությունՀայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն օգոստոսի 3-ին ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող՝ Քուվեյթի Պետության դեսպան Բասամ Մուհամմադ ալ Քաբանդիին:
Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Նախարար Նալբանդյանը դրական գնահատեց Հայաստանի և Քուվեյթի միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը և կարևորեց Բասամ ալ-Քաբանդիի՝ որպես Երևանում իր երկրի առաջին դեսպան, անձնական մեծ ներդրումը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում։
Քուվեյթի Պետության դեսպանը շնորհակալություն հայտնեց գնահատանքի և առաքելության ժամանակահատվածում արտգործնախարարության կողմից ցուցաբերված աջակցության համար։
Հայաստանի և Քուվեյթի միջև հարաբերությունների զարգացման գործում ունեցած ավանդի համար Էդվարդ Նալբանդյանը դեսպան ալ-Քաբանդիին հանձնեց ԱԳՆ Պատվո մեդալը»։