ԴԱՀԿ ծառայության Տավուշի մարզային բաժնում աշխատանքային խորհրդակցություն անցկացվել
ՀասարակությունՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանը 2016 թվականի օգոստոսի 3-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ԴԱՀԿ ծառայության՝ Իջևան քաղաքում գտնվող Տավուշի մարզային բաժնում։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող Ծառայության Միջազգային հարաբերությունների և հասարակայնության հետ կապերի բաժն ից:
Ծառայության ղեկավարը տեղում ծանոթացել է Տավուշի մարզային բաժնի աշխատանքային պայմաններին, տրված հանձնարարականների կատարման ընթացքին և ձեռքբերված արդյունքներին։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Տավուշի մարզային բաժնի գործունեության ընթացքում հանդիպող խնդիրներն ու դրանց հնարավոր լուծումները, ինչպես նաև բաժնում հարուցված խնդրահարույց վարույթների ընդհանրություններն ու առանձնահատկությունները։
Հարկադիր կատարման ծառայության ղեկավարը մատնանշել է այն ոլորտներն ու գերակա հարցերը, որոնք առավել ուշադրության կարիք ունեն, և որոնց ուղղությամբ հատկապես անհրաժեշտ է տանել լուրջ և հետևողական աշխատանքներ։ Արմեն Հարությունյանը շեշտել է նաև այն միջոցները, որոնք կնպաստեն բաժնի գործունեության արդյունավետության և աշխատանքների որակի առավել բարձրացմանը։
Խորհրդակցության ավարտին Արմեն Հարությունյանը տվել է համապատասխան հանձնարարականներ՝ նախանշելով դրանց կատարման ստույգ ժամկետներն ու պայմանները։