Աղվան Հովսեփյանը և Արա Զոհրաբյանը քննարկել են հուլիսյան անկարգությունների նախաքննության կողմերին առնչվող հարցեր
ՀասարակությունՀՀ քննչական կոմիտեինախագահ Աղվան Հովսեփյանն օգոստոսի 4-ին ընդունել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՀՀ ՔԿ նախագահի նախաձեռնությամբ տեղի ունեցած հանդիպման ժամանակ քննարկվել են, մասնավորապես, մայրաքաղաքում հուլիսին տեղի ունեցած անկարգությունների դեպքերի առթիվ քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործերով նախաքննության ընթացքում դատավարության կողմերի, մասնակիցների դատավարական իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր։
Արա Զոհրաբյանը ներկայացրել է քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործերով իրենց վստահորդների շահերը ներկայացնող փաստաբանների նկատառումներն ու դիտարկումները։ Երկուստեք կարևորվել է փաստաբանների կառուցողական ակտիվությունը՝ արձանագրելով, որ փաստաբանների ակտիվ ներգրավումը և մասնագիտական գործունեության անխոչընդոտ իրականացումը նպաստում է քրեական գործերով նախաքննության բազմակողմանիության և օբյեկտիվության ապահովմանը։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքային կարգով քննարկել քննության ընթացքում փաստաբանական համայնքի և քննչական մարմինների կողմից արձանագրվող խնդիրները: