Ամո Շարոյանը շնորհավորել է երիտասարդներին` միջազգային օրվա առիթով
Հասարակություն«Միդիա-Շանգալ» Եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ Ամո Շարոյանը շնորհավորական ուղերձ է հղել Երիտասարդների միջազգային օրվա առիթով:
«Կան հարցեր, որոնց պարտավոր ենք անդրադառնալ բոլորս` գնահատելով երիտասարդության դերը մեր ընդհանուր տան` Երկիր մոլորակի կյանքում: Հավատացած եմ, որ աշխարհը հնարավորություն կստեղծի և կաջակցի մեր երիտասարդների դերի բարձրացմանը մեր հասարակությունում: Բոլոր մակարդակներում պետք է իրազեկել երիտասարդներին, որ նրանք ծնվել են ոչ թե կռվելու, մարդ սպանելու, սեփական տունը իրենց ձեռքերով քանդելու, այլ իրենց տունը կառուցելու և շենացնելու համար:
Սիրելի երիտասարդնե'ր, հավատացեք համբերատար մարդն ավելի ուժեղ է, քան խիզախը: Իսկ ինքնատիրապետող մար դն ավելի հզոր է, քան քաղաք զավթողը:
Հարգելի երիտասարդնե'ր, ատելությունը, որը, ցավոք, այսօր գերիշխում է մեր կյանքում չի կարելի վերացնել ատելությամբ: Տե'ր Աստված, դարձրու մեր երիտասարդների ձեռքերը Քո ստեղծած աշխարհի գեղեցիկ շարունակությունը: Որտեղ վիրավորանք կա, թող ներում բերեն: Որտեղ կասկած կա, թող հավատ բերեն: Որտեղ խավար կա, թող լույս բերեն: Որտեղ վիշտ կա, թող ուրախություն և երջանկություն բերեն:
Աստծո օգնությունը մեր բոլոր երիտասարդներին…»,-նշել է Շարոյանը: