Ճապոնիայում շուրջ մեկ միլիոն բնակիչ է տարհանվում «Ֆանֆոն» թայֆունի պատճառով
ՄիջազգայինՃապոնիայում շուրջ մեկ միլիոն բնակիչների հանձնարարվել է տարհանվել «Ֆանֆոն» թայֆունի պատճառով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով NHK հեռուստաընկերությանը:
«Ֆանֆոն» թայֆունը հոկտեմբերի 6-ի առավոտյան հարվածել է երկրի Համամացու քաղաքի շրջանին: Քաղաքում հանձնարարված է տարհանել 360 հազար բնակիչների: Բացի այդ, իշխանությունները տարհանվելու խորհուրդ են տվել Այթի, Միե, Յամանասի, Տիբա, Կանագավա պրեֆեկտուրայի բնակիչներին, ընդամենը մոտավորապես մեկ միլիոն մարդու:
Թայֆունն ուղեկցվում է պոռթկուն քամիով և հորդառատ անձրևներով: Քամու արագությունը հասնում է վայրկյանում 35 մետրի, պոռթկումների դեպքում՝ մինչև 45 մետրի:
Ինչպես սպասվում է, երեկոյան թայֆունը կհասնի Ճապոնիայի ամենամեծ կղզուն՝ Հոնսյուին, որտեղ տեղումների մակարդակը կարող է հասնել օրական 200 միլիմետրի: Հեղեղումների և գետերի վարարումների վտանգի, ինչպես նաև բարձր ալիքների պատճառով Ճապոնիայի Գլխավոր օդերևութաբանական վարչությունը կոչ է արել բնակչությանը՝ չմոտենալ ջրամբարներին և ծովափին: Տոկիոյի օդանավակայաններում չեղյալ է հայտարարված ավելի քան 600 չվերթ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: