Երևանում տեղի ունեցավ «Դարձնենք աշխարհն ավելի մարդասեր» խորագրով ցուցահանդեսը
ՄշակույթՄարդասիրության միջազգային օրվա կապակցությամբ Երևանում տեղի ունեցավ «Դարձնենք աշխարհն ավելի մարդասեր» խորագիրը կրող լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը:«Յուրաքանչյուր տարի օգոստոսի 19-ին աշխարհը նշում է Մարդասիրության միջազգային օրը: Այս առիթով մենք Օքսֆամ կազմակերպության հետ պարբերաբար ֆոտոցուցադրություններ ենք անցկացնում՝ բացահայտելով այն խնդիրները, որոնք առկա են տարբեր համայնքներում: Ոչ մի բան այնքան խոսուն չէ, որքան նկարները և դրանցում պատկերված մարդիկ»,- նշեց ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ներկայացուցիչ Արմեն Չիլինգարյանը:
Ցուցահանդեսում ներկայացված էին երեք թեմատիկ շարքեր, որոնցում կարմիր թելի նման անցնում էին մարդկության առջև ծառացած խնդիրները՝ զարմանալի ու տպավորիչ դրսևորումներով: Թեմաներն հետևյալն էին՝ Հայաստանում ապաստան գտած սիրիահայերի ինտեգրման և հումանիտար աջակցության խնդիրներ, աղետների ռիսկի նվազեցում, մարդկության սոցիալական խնդիրների հաղթահարում:
Միջոցառումը նախաձեռնել էին «ՕքսԵՋեն» հիմնադրամը, Օքսֆամ կազմակերպության և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ համատեղ:
Սիրիայից տեղահանված կարիքավոր ընտանիքներին աջակցելու նպատակով՝ «ՕքսԵՋեն» հիմնադրամը, Օքսֆամի և Հայաստանի Ռեդվուդ Ծրագրի ֆինանսավորմամբ, 2016թ. հուլիս ամսից իրականացնում է սիրիահայ ընտանիքների բնակվարձերի մասնակի փոխհատուցման ծրագիր: