Թուրքիան սիրիացի փախստականներին ընդունում է քարոզչական նպատակներով
Թուրքիան Սիրիայից փախստականների առջև իր սահմանները բացում է քարոզչական նպատակներով՝ միջազգային հանրության մոտ դրական իմիջ ձևավորելու համար: Հոկտեմբերի 6-ին լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց թուրքագետ Գևորգ Պետրոսյանը: «Ընդհանրապես պետք է ասեմ, որ Թուրքիան այդքան էլ գրկաբաց չի ընդունում սիրիացի փախստականներին և այնքան էլ լավ պայմաններ չի ստեղծում նրանց համար, սակայն այս հարցը քարոզչության նպատակով է իրականացնում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց թուրքագետը:
Նա նշեց, որ Սիրիայի քրդաբնակ Քոբանի շրջանում վերջին օրերին Իսլամական պետության և քրդերի միջև ծավալված մարտերի ժամանակ Թուրքիան փակ էր պահում սահմանը և քրդերին թույլ չէր տալիս անցնել սահմանը: «Սակայն երբ հարցը բավականին լուրջ հնչեղություն ստացավ և արժանացավ միջազգային հանրության արձագանքին, այդ ժամանակ Թուրքիան ոչ միայն բացեց սահմանը, այլ նաև ինչ-որ ցուցադրական շոու կազմակերպեց»,- ասաց նա:
Պետրոսյանը նկատեց, որ Թուրքիայի սահմանն այդ մարտերի ժամանակ խստորեն հսկել են զինծառայողները և քրդերին թույլ չեն տվել անցնել սահմանը՝ կիրառելով արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ, իսկ հետո քարոզչական նպատակներով բացել են սահմանը: