Դասերից էլ եմ փախել, լավ ու վատ սովորել եմ. ԿԳ նախարար
ՀասարակությունՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանն այսօր այցելել էր Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 դպրոց: Այդտեղ է սովորել ապրիլյան պատերազմի հերոս Ադամ Սահակյանը: Տեղեկացնենք, որ այսօր դպրոցում հերոսի անվամբ դասարան է բացվել:
Նախարար Լ. Մկրտչյանը աշակերտների սեպտեմբերի 1-ը շնորհավորելուց ու բարեմաղթանքներ հղելուց հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ նշեց, որ շատ կարեւոր է Ադամ Սահակյանի անվան դասարանի բացումը:
«Շատ եմ կարեւորում հերոսի անվամբ դասարան բացելը, քանի որ աշակերտների համար այն դաստիարակչական դեր է ունենալու: Այս կերպ հայրենասիրությունը վիրտուալ դաշտից բերում ենք գործնական դաշտ, եւ երեխան, երբ տեսնում է այդ դասարանը, հասկանում է, որ սա իր կողքին գտնվող երիտասարդն է, ով հերոսացել է: Ինձ բախտ է վիճակված եղել Թաթուլ Կրպեյանին պրակտիկայի տանել, նա անգամ տարիքով մեծ էր ինձնից: Երբ տեսնում ես, որ կողքիդ ապրող երիտասարդն ընդունակ է հերոսության, հերոսությունը դառնում է շատ առարկայական, դառնում է պարտականություն եւ առաքելություն»,- ասաց նա:
Նախարարը, հիշելով դպրոցական տարիները, նշեց·
«Ես սովորական աշակերտ եմ եղել` դասերից էլ եմ փախել, լավ ու վատ սովորել եմ: Ցանկացած մարդու կյանքում լինում են հաջողություններ եւ անհաջողություններ, հնարավոր չէ, որ միայն հաջողությունը կամ անհաջողությունն ուղեկցեն քեզ ամբողջ կյանքում: Սա մենք պետք է սովորեցնենք մեր երեխաներին եւ պետք է սովորեցնենք դիմանալ դժվարություններին: Յուրաքանչյուր սերնդի համար իր սովորելու տարիներն առանձնահատուկ են, եւ յուրաքանչյուր ժամանակաշրջան ունի իր դժվարությունները: Մեզ համար մի փոքր ավելի դժվար է, քանի որ ձեւավորում ենք անկախության շրջանի կրթության համակարգը, մենք ձեւավորում ենք մեր սեփականը, որն ուրիշ ոչ մի տեղ չի կրկնվելու»,- ասաց Լեւոն Մկրտչյանը: