Դեսպան Եսայանը բաց դաս է անցկացրել Մոսկվայի Լազարյանների անվան միջնակարգ դպրոցում
ՀասարակությունՆոր ուսումնական տարվա և Գիտելիքի միջազգային օրվա առթիվ ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը սեպտեմբերի 1-ին այցելել է Լազարյան եղբայրների անվ. արևելյան լեզուների, այդ թվում՝ հայերենի, խորացված ուսուցմամբ Մոսկվայի թիվ 2042 հանրակրթական դպրոց, որտեղ ուսուցչական անձնակազմի և բարձր դասարանների աշակերտների համար բաց դաս է անցկացրել:
Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, որի հաղորդագրության մեջ նաև նշված է. «Շնորհավորելով ներկաներին նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ՝ դեսպան Եսայանն ընդգծել է, որ դպրոցը, որտեղ մոտ 650 աշակերտից 300-ը հայազգի պատանիներ են, կարևոր առաքելություն է իրականացնում հայոց լեզվի պահպանման և հանրայնացման գործում՝ հնարավորություն ընձեռելով բազմաթիվ մոսկվաբնակ հայա զգի երեխաներին ուսանել մայրենի լեզուն, հայոց գրականությունն ու պատմությունը:
Բաց դասի ընթացքում ՌԴ-ում ՀՀ դեսպանն անդրադարձել է հայ-ռուսական հաբարերությունների ներկայիս փուլին, Արցախի անկախության հռչակման 25-րդ տարեդարձին, ԼՂ հիմնահարցի կարգավորման գործընթացին, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը»: