Եռյակի ուժերի ղեկավարները կմասնակցեն հանրահավաքներին, սակայն հայտնի չէ՝ որոնց
Ազգային ժողովի ոչ իշխանական եռյակը առայժմ չի հստակեցնում՝ կմասնակցեն երեք քաղաքական ուժերի (ԲՀԿ, ՀԱԿ, «Ժառանգություն») ղեկավարները հոկտեմբերի 10-ին կայանալիք հանրահավաքին, թե ոչ: Խորհրդարանում եռյակի հերթական աշխատանքային հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը նշեց, որ լիդերների մասնակցություն հանրահավաքներին անպայման լինելու է, սակայն իրենք քննար կում են, թե որ պահին դա կլինի: «Լիդերների մասնակցություն անպայման լինելու է, սակայն քննարկում ենք, թե որ պահին դա կլինի: Դա մարտավարական խնդիր է: Որևէ մեկը չի հայտարարել, որ մեկ հանրահավաք է լինելու. չի բացառվում՝ հոկտեմբերի տասից հետո էլ լինեն հանրահավաքներ, որոնցից մեկին քաղաքական ուժերի ղեկավարները կմասնակցեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Մարգարյանը:
Նա տեղեկացրեց, որ աշխատանքային հանդիպման ժամանակ քննարկել են առաջիկա համապետական հանրահավաքի օրակարգի հետ կապված հարցեր, Կառավարության պատասխանը իրենց ներկայացրած 12 կետերին և այլ հարցեր:
Պատգամավորը նաև հայտնեց, որ հոկտեմբերի 9-ին տեղի կունենա եռյակի հերթական հանդիպումը, որի ժամանակ կհստակեցվեն հանրահավաքի հետ կապված բոլոր մանրամասները: