Կարգապահական հանձնաժողովը ոստիկանապետին կդիմի 8 ոստիկանի ծառայությունից ազատելու առաջարկով
ՀասարակությունՀՀ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի սեպտեմբերի 8-ին կայացած նիստը վարել է ոստիկանության պետի առաջին տեղեկալ, ոստիկանության գեներալ-լեյտնենատ Հունան Պողոսյանը, մասնակցում էին ոստիկանության շտաբի, ներքին անվտանգության, իրավաբանական և հասարակական կարգի ապահովման վարչությունների պետերը, կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը, քննարկվել են ոստիկանության ինը ծառայողների նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու դրանց վերաբերյալ եզրակացությունները:
Ոստիկանության կարգապահական հանձնաժողովը, առաջնորդվելով պրոֆեսիոնալ վերահսկողության և հրապարակային ու թափանցիկ գործելաոճի սկզբունքով, պարզել է փաստական հանգամանքները և որոշում կայացրել դիմել ոստիկանության պետին՝ ոստիկանության հիշյալ ծառայողներից ութի նկատմամբ կիրառելու «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը, իսկ մեկի նկատմամբ կիրառել այլ կարգապահական տույժ: