ՀՀ գլխավոր դատախազի թեկնածուն պնդում է, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան
ՀասարակությունՀայաստանում քաղաքական պատճառներով մարդկանց ձերբակալումներ չկան: Ազգային ժողովում խմբակցությունների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանը: «Բացառապես ցանկացած ձերբակալում կամ կալանավորում իրականացվում է քրեական դատավարության օր ենքով նախատեսված հիմքով և կարգով: Իհարկե, պնդում եմ, որ մենք Հայաստանում քաղբանտարկյալներ չունենք»,- նշեց Դավթյանը:
Նա ընդգծեց, որ մասնագիտական առումով իր աշխատանքային գործունեության ընթացքում ինքը մասնակից է եղել նման որոշումների կայացմանը, դրանք կայացվել են բացառապես օրենքով նախատեսված հիմքերով և կարգով: «Քրեական օրենսգիրքը սահմանում է քրեական պատասխանատվության անխուսափելիության սկզբունքը: Այսինքն, ցանկացած անձ, ով կկատարի քրեորեն պատժելի արարք, պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության: Միևնույն ժամանակ, քրեադատավարական օրենքն էլ հստակ սահմանում է, որ ոչ մի անմեղ անձ չպետք է ենթարկվի քրեական պատասխանատվության: Այսինքն, ամեն ինչ արվելու է, որպեսզի ոչ մի անմեղ անձ չենթարկվի քրեական պատասխանատվության, իսկ հանցանք կատարած ցանկացած անձ չխուսափի պատասխանատվությունից»,- մանրամասնեց Դավթյանը: