«Սասնա ծռերին» բեռնատար տրամադրելով աջակցելու մեջ մեղադրվողին տեղափոխել են դատապարտյալների հիվանդանոց
ՀասարակությունԲեռնատար տրամադրելու միջոցով «Սասնա ծռեր» խմբին օժանդակելու մեջ մեղադրվող 69-ամյա Խաչատուր Գիչյանին «Էրեբունի» ԲԿ-ում հետազոտել են եւ այնտեղից տեղափոխել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին բժշկական կենտրոնից:
Խաչատուր Գիչյանը «Էրեբունի» ԲԿ է ընդունվել սուր ինֆարկտ նախնական ախտորոշումով, ինչը հերքվել է, այդ պատճառով նրան տեղափոխել են:
Խաչատուր Գիչյանը երկու անգամ ինֆարկտ է տարել: Դատարանն այսօր՝ սեպտեմբերի 10-ին, երկու ամսով երկարացրել էր Խաչատուր Գիչյանի կալանքի ժամկետը:
Հիշեցնենք, որ Գիչյանը Վրաստանի քաղաքացի է: Նա ցուցմունք էր տվել, որ երբ իմացել է, թե ինչ նպատակի է ծառայելու իր մեքենան, այն չի տվել «Սասնա ծռեր» խմբի տղաներին, որոնք մի քանի անգամ եկել են իր տուն, ուսումնասիրել բեռնատարը: Նա ասել է, որ մերժելուց հետո սպառնացել են ընտանիքի հետ հաշվեհարդար տեսնել, ինչից հետո ստիպված է եղել բեռնատարը տրամադրել նրանց: Ավելի ուշ փաստաբանն ասել էր, որ Գիչյանը փոխել է նախնական ցուցմունքը։
Նյութի աղբյուր՝ News.am