Լեհաստանի առաջին տիկինը Հայաստանում է
Լեհաստանի նախագահի տիկին Աննա Կոմորովսկան ժամանել է Հայաստան: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Հայաստանում Լեհաստանի դեսպանատան թվիթերյան միկրոբլոգից: Լեհաստանի նախագահի տիկինը և Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանը Հայաստանի ազգային պատկերասրահում կմասնակցեն լեհահայ նկարիչ Թեոդոր Աքսենտովիչի գործերի ցուցահանդեսի բացման արարո ղությանը:
Հայաստանի ազգային պատկերասրահն իր հարկի ներքո հոկտեմբերի 8-ից կհյուրընկալի լեհահայ նկարիչ Թեոդոր Աքսենտովիչի գործերը: Աքսենտովիչի ստեղծագործությունները ներկայացնող ցուցահանդեսն իրականացվում է Լեհաստանի և Հայաստանի նախագահների բարձր հովանու ներքո: Իրադարձության ընթացքում հանրությունը հնարավորություն կունենա դիտել նկարչի շուրջ 53 աշխատանք:
Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուի մաս կազմող արվեստի գործերը հունիսի 18-ից սեպտեմբերի 21-ը ներկայացվել էին Լեհաստանում: Այնտեղ հանրությունը հնարավորություն ունեցավ դիտել «Հովհաննես Այվազովսկի. ժամանակ և հավերժություն» խորագիրը կրող ցուցահանդեսը: Ցուցահանդեսի բացմանը ներկա է եղել Լեհաստանի Հանրապետության նախագահ Բրոնիսլավ Կոմարովսկին, որը դրվատանքի խոսքերով անդրադարձել է հայ ժողովրդի դերին և նշանակությանը Լեհաստանի պատմության և իրականության մեջ: