Ճապոնիայի արձակած օդերևութաբանական արբանյակը կնախազգուշացնի թայֆունների մասին
ՄիջազգայինՃապոնիան արձակել է «Հիմավարի-8» օդերևութաբանական արբանյակը, որը կկարողանա վաղօրոք նախազգուշացնել մոտեցող թայֆունների, հրաբխի ժայթքումների և այլ տարերային աղետների մասին: H2A հրթիռն արբանյակով հոկտեմբերի 7-ին արձակվել է երկրի հարավի Տանեգասիմա տիզերակայանից, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Հիմավարի-8»-ը, որ թարգմանաբար նշանակում է «արևածաղիկ», դիտարկման ճշգրտությամբ և վերլուծական գործողությունների արագությամբ զգալիորեն գերազանցում է իր նախորդներին: Ճապոնական արշիպելագի շրջանում թայֆունների և ամպրոպային ամպերի մասին տվյալները կհավաքվեն 2,5 րոպե հաճախականությամբ:
Սեպտեմբերի վերջին Օնտակե հրաբխի ժայթքումն անակնկալ է դարձել հարյուր հիսուն ալպինիստների համար: Տարերային աղետի հետևանքով զոհվել է 54 մարդ, տուժել են շուրջ 70-ը, նախկինի պես անհայտ կորած է համարվում 10 մարդ, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: