Սիրելիին առաջարկություն անելու տղամարդու փորձը կարող էր ողբերգությամբ ավարտվել
Ռոմանտիկ իրավիճակում ամուսնության առաջարկություն անելու փորձը ամերիկացու եւ նրա սիրելիի համար կարող էր ողբերգությամբ ավարտվել: Օդապարիկը, որով նրանք թռել են, ընկել է օվկիանոսը, եւ փրկարարները ստիպված են եղել փրկարարական մի ամբողջ գործողություն մշակել:
Ըստ ՏԱՍՍ-ի, միջադեպը տեղի է ունեցել Սան Դիեգոյում: Էրիկ Բարետոն որոշել է հարսնացուին կարեւորագույն խոսքերն ասել օդապարիկի զամբյուղում, օվկիանոսի վրա: Երբ օդապարիկն արդեն բարձրության վրա է եղել, քամին անսպասելիորեն փոխել է ուղղությունը, եւ օդաչուն ստիպված է եղել վայրէջք սկսել:
Օդաչուին հաջողվել է առավելագույնս սահուն մոտենալ ջրի մակերեսին, ինչի արդյունքում փրկարարները կարողացել են ուղեւորներին ողջ ու անվնաս ափ հանել: Սիրահարներին փրկելու գործողությանը մասնակցել է 20 փրկարար եւ 15 սերֆենգիստ:
Հաղորդվում է, որ արտակարգ իրավիճակը չի վախեցրել աղջկան, եւ նա համաձայնել է տիկին Բարետո դառնալու առաջարկությանը: