Լինեկեր. Պրեմյեր լիգան կխլի գերիշխանությունը «Ռեալից» եւ «Բարսելոնայից»
ՍպորտՖուտբոլի Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող, BBC-ի ֆուտբոլային փորձագետ եւ հաղորդավար Գարի Լինեկերը վստահ է, որ առաջիկա տարիներին անգլիական ակումբները դարձյալ կգերիշխեն Չեմպիոնների լիգայում:
«Ամեն ինչ շրջափուլերով է: Այժմ իսպանական ֆուտբոլը սուպերգերիշխող է: Դա մենք տեսնում ենք Չեմպիոնների լիգայում եւ Եվրոպայի լիգայում: Այդպիսի ժամանակահատվածներ ունեցել են նաեւ գերմանական եւ իտալական ակումբները: Բայց հիմա Անգլիան սկսում է աստիճանաբար դարձյալ մեծացնել ազդեցությունը Եվրոպայում: Մենք հաղթահարել ենք այն ծանր փուլը, երբ սուպերաստղերը մերժում էին անգլիական ակումբներին՝ նախընտրելով «Ռեալն» ու «Բարսելոնան»:
Այժմ լավագույն մարզիչներն են ընտրում Պրեմյեր լիգան, շուտով կգան նաեւ լավագույն ֆուտբոլիստները, քանի որ այստեղ պտտվում են իրական գումարներ: Խոսքը Մեսիի եւ Ռոնալդուի սերնդի խաղացողների մասին չէ: Ապագայի սուպերաստղերը կգան անգլիական լիգա, իսկ անգլիական սուպերակումբները կլինեն վաղվա «Ռեալն» ու «Բարսելոնան»: Դրա համար կպահանջվի 2-3 տարի»,- ասել է Լինեկերը:
2012-ին Լոնդոնի «Չելսիի» հաղթանակից հետո անգլիական ակումբները չեն հաղթել Չեմպիոնների լիգայում: