Պեղումների արդյունքում Աղձքում արքայական գերեզմաններ են հայտնաբերվել
ՀասարակությունԱղձքում իրականացված հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերվել են քարե սնդուկներ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ՀՀ Մշակույթի նախարարության Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի փոխտնօրեն, հնագետ, մշակույթի վաստակավոր գործիչ Հակոբ Սիմոնյանը:
«Եկեղեցու խորանի առջև` սալահատակի տակ, գտանք երեք քարե մասունքատուփ: Դրանցից մեկի վրա պահպանվել է խաչի պատկերը: Սնդուկներից երկուսն ենք բացել և դրանցում մարդու մասունքներ գտել: Կարծում ենք` բարձրաստիճան անձանց մասունքներ են, քանի որ դրանք եկեղեցում են պահվել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Հակոբ Սիմոնյանը:
Հնագետն ընդգծում է, որ ակադեմիական շրջանակներում ընդունված է կարծել, որ նախ կառուցվում է դամբարանը, այնուհետև եկեղեցին: «Այս դեպքում ենթադրում ենք, որ հակառակն է: Սնդուկներում հավանաբար արքայական աճյուններ են ամփոփված, իսկ արքաներին պատահական վայրերում չէին թաղում»,-ասաց Սիմոնյանը:
Աղձքը վաղ միջնադարյան կարևորագույն ուխտավայր-սրբավայրերից մեկն է: Պեղումները Աղձքում չեն դադարել և շարունակվում են մինչ օրս: