Հակոբ Ինջիղուլյանը շարունակելու է ծառայությունը
Ավելի քան մեկ տարի Ադրբեջանում գերության մեջ գտնված եւ հոկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը Հայաստան վերադարձած հայ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի ծառայության հարցով որոշում կա:NEWS.am-ին հայտնի է դարձել, որ մասնագիտական հանձնաժողովը, ուսումնասիրելով նրա առողջական վիճակի մասին փաստաթղթերը, որոշում է կայացրել, որ Հակոբ Ինջիղուլյանը ենթակա է ծառայության եւ կշարունակի ծառայությունը ՀՀ Զինված ուժերում:
Մեր տեղեկություններով՝ նրա հետ կապված դեռ իրավական հարցեր կան՝ իր նկատմամբ կատարված ոտնձգությունների առնչությամբ, դրանց պարզաբանումից անմիջապես հետո Ինջիղուլյանը կմեկնի ծառայության:
Հիշեցնենք, որ շարքային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը մոլորվել եւ ադրբեջանական զինուժի կողմից վերահսկվող տարածքում էր հայտնվել 2013թ. օգոստոսի 8-ին: Ինջիղուլյանն ադրբեջանական գերության մեջ մնացել է ավելի քան մեկ տարի, այնուհետեւ հանձնվել է երրորդ երկրի: Իսկ հոկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը նա վերադարձավ Հայաստան: Նախկին գերին հայտարարեց, որ ադրբեջանցիներն իրեն սպառնում էին գնդակահարությամբ, եթե ինքը ցանկություն հայտնի Հայրենիք վերադառնալ: