ԱԺ նախագահն անկախությունն անգնահատելի ձեռքբերում է համարում
ՀասարակությունՀայաստանի Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի համոզմամբ` մեր երկրի վերջին 25 տարիների ամենակարևոր ձեռքբերումն անկախությունն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում Սահակյանը միաժամանակ նշեց, որ անկախության տարիների ընթացքում թույլ տրված սխալների հարցում բոլոր պաշտոնյաներն էլ իրենց մեղքի բաժինն ունեն:
Հարցին` արդյոք ինքն իր մեղքի բաժինը զգո՞ւմ է ՀՀ անկախության տարիներին թույլ տված թերացումների համար, Սահակյանն ասաց. «Մենք բոլորս էլ մեր մեղքի բաժինն ունենք։ Այս տարիների ընթացքում մենք ամեն ինչ արել ենք։ Մեզանից հետո էլ մարդիկ պետք է գան և մտածեն, անեն ամեն ինչ, որ ավելի լավ լինի Հայաստանի համար»։
Հայաստանի Հանրապետությունը սեպտեմբերի 21-ին նշում է անկախության 25-րդ հոբելյանական տարեդարձը: Հայ ժողովուրդը 25 տարի առաջ այս օրը հանրաքվեի միջոցով իր վճռական «այո»-ն ասաց Հայաստանի անկախությանը: Հայաստանի չափահաս բնակչության բացարձակ մեծամասնությունը «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի ժողովրդավարական անկախ պետություն` ԽՍՀՄ կազմից դուրս» հարցին դրական պատասխան տվեց: Երկու օր անց` սեպտեմբերի 23-ին, երկրի Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան հանրապետություն: