Մեկնարկել է Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկությունը
ՍպորտՄեկնարկել է Հայաստանի գավաթի խաղարկությունը: Տեղի է ունեցել 2 հանդիպում:
Հանդիպումներից առաջինը կայացել է «Ալաշկերտ»-ի հարկի տակ, որտեղ դաշտի տերերն ուժերը չափել են «Փյունիկ»-ի հետ: Արտակ Օսեյանի գլխավորությամբ «Փյունիկ»-ը շարունակում է բավական վստահ հանդես գալ. այս խաղն էլ բացառություն չի կազմել:
Արդեն 5-րդ րոպեին Ալիկ Առաքելյանը բացել է հաշիվը, գոլային փոխանցման հեղինակ է դարձել Կամո Հովհաննիսյանը: 13-րդ րոպեին «Փյունիկ»-ը կրկնապատկել է հաշիվը: Կամո Հովհաննիսյան այս խաղում իր օգտին նաև գոլ է գրանցել: Աբրահամ Խաշմանյանի «Ալաշկերտ»-ին 2-րդ կեսում հաջողվել է միայն կրճատել հաշվի տարբերությունը: 47-րդ րոպեին Արթուր Եդիգարյանի փոխանցումից հետո Յուրի Ֆոնենկոն շրջանցել է «Փյունիկ»-ի դարպասապահ Գոռ Մանուկյանին և դարձել է իր թիմի միակ գոլի հեղինակը: Խաղն ավարտվել է 1-2 հաշվով` հօգուտ «Փյունիկ»-ի, որը պատասխան խաղից առաջ առավելություն է ստացել:
Երևանի «Արարատ»-ը «Հանրապետական» մարզադաշտում ընդունել էր «Բանանց»-ին: Հյուրերի կազմում հանդիպման հաշիվը բացել է Օրբելի Համբարձումյանը: Հետագայում Էդգար Մովսիսյանը կրկնապատկել է իր թիմի առավելությունը: «Արարատ»-ին հաջողվել է կրճատել հաշվի տարբերությունը, գոլի հեղինակ է դարձել Նասիմ Արոն Կպեհիան: Դժվարին պայքարում «Բանանց»-ը կարողացել է պահպանել առավելությունը` 1-2:
Սեպտեմբերի 22-ին Գյումրիի «Շիրակ»-ը հյուրընկալվելիս Աբովյանի քաղաքային մարզադաշտում հանդիպելու է նորաստեղծ «Կոտայք»-ին:
«Գանձասար-Կապան»-«Էրեբունի» խաղը հետաձգվել է անորոշ ժամկետով, քանի որ հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը սեպտեմբերի 21-ի առավոտյան Երևան-Կապան ավտոճանապարհին՝ Գորիսի մոտակայքում, ենթարկվել է ավտովթարի, ինչի արդյունքում մրցավարները տեղափոխվել են Գորիսի քաղաքային հիվանդանոց։