Բրավո․ Հույս ունեմ՝ «Բարսելոնայի» դեմ հանդիպումը մեզ համար հաջող կավարտվի
Սպորտ«Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Կլաուդիո Բրավոն ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում նշել է, որ անհամբերությամբ է սպասում Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի՝ նախկին թիմի՝ «Բարսելոնայի» դեմ հանդիպմանը, որը կայանալու է հոկտեմբերի 19-ին։
-Ես մեծ ակումբում եմ հայտնվել։ Ամեն ինչից գոհ եմ․ մենք լավ ֆուտբոլ ենք ցուցադրում, թիմում բոլորն իրար հիանալի հասկանում են։ Շատ թիմեր փորձում են կրկնօրինակել մեր խաղաոճը՝ չնայած նոր ենք սկսել այսպես հանդես գալ։ Կարող ենք հետևություն անել, որ և՛ մարզչական անձնակազմը, և՛ ֆուտբոլիստները լավ են կատարում իրենց աշխատանքը։ Մենք շատ արագ ենք ընկալում Գվարդիոլայի գաղափարները։ Այս ամենն ինձ շատ է ուրախացնում։
Հաճելի կլինի «Մանչեսթեր Սիթիի» կազմում վերադառնալ «Կամպ Նոու»։ Նման զգացողություն ունեի նաև այն ժամանակ, երբ «Բարսելոնայի» կազմում առաջին անգամ խաղացի «Ռեալ Սոսյեդադի» դեմ։ Աննկարագրելի էմոցիաներ են։ Հույս ունեմ՝ այդ հանդիպումը մեզ համար հաջող կավարտվի։
Մեսսին, Նեյմարը, Սուարեսը ոչ միայն համաշխարհային աստղեր են, այլ հիանալի տղաներ, որոնցից շատ բան կարելի է սովորել։ Ինձ համար օգտակար էր նրանց հետ նույն թիմում խաղալը։ Հիմա մենք տարբեր թիմերում ենք, բայց ես նրանց միշտ ամենալավը կցանկանամ,-ասել է Բրավոն։