ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը դատապարտել է Դեր Զորի եկեղեցու ականահարումը
ՄԱԿ-ի մարդու իրավունքերի հարցերով գերագույն հանձնակատարի մամուլի քարտուղար Ռոբերտ Քոլվիլը հայտարարել է, որ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարը դատապարտել է ԻԼԻՊ-ի կողմից Դեր Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցու ականահարումը: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Բերիո Լուրեր» ֆեյսբուքյան էջից: Հայտարարության մեջ նշվել է. «Մեզ տեղյակ են պահել, որ ԻԼԻՊ-ը սեպտեմբերի կեսերին հայկական կարևոր եկեղեցի է ոչնչացրել Սիրիայի Դեր Զոր քաղաքի մեջ: Մենք դատապարտում ենք եկեղեցու ‚ և այլ կրոնական հաստատությունների ոչնչացումը»: Հայտարարության մեջ նաև նշվել է, որ դա բնորոշ է այն խմբավորման գործողություններին, որի զինյալները Հյուսիսային Իրաքում մզկիթներ, սրբավայրեր ու եկեղեցիներ են պայթեցնում:
Սիրիայում ինչպես կառավարական ուժերի, այնպես էլ հակակառավարական զինյալ խմբավորումների վարքը շարունակում է կրոնական և հնագիտական վայրերի ոչնչացման հանգեցնել: Նաև նշվել է, որ այս տարի ավելացել են հակակառավարական զինյալ խմբավորումների հարձակումները կրոնական հաստատությունների, այդ թվում՝ Սիրիայում գտնվող եկեղեցիների դեմ:
«Կրոնական հաստատությունները հատուկ պաշտպանության տակ են առնվել միջազգային մարդասիրական օրենքով և պետք է հարգվեն ու պաշտպանվեն բոլորի կողմից»,- նշվել է հայտարարության մեջ:
1991թ. կառուցված այս եկեղեցի-հուշահամալիրում ամփոփված են Հայոց ցեղասպանության ընթացքում Դեր Զորի անապատներում զոհված բազմաթիվ հայերի մասունքները, իսկ Ցեղասպանության թանգարանում՝ Հայոց ցեղասպանությունը հավաստող բազմաթիվ վավերագրեր: