Անչելոտի. Չափազանց դանդաղ էինք խաղում
ՍպորտՄյունխենի «Բավարիան» գլխավորող իտալացի մասնագետ Կարլո Անչելոտին անդրադարձել է Մադրիդի «Աթլետիկոյից» կրած պարտությանը Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրում:
«Ինչպես սպասում էինք, ստացվեց բարդ հանդիպում: Կարող էինք խաղալ ավելի լավ, բայց շատ էինք գնդակ կորցնում: Հետո մրցակիցը գոլ խփեց, իսկ մենք փորձում էինք վերադառնալ խաղ, սակայն չափազանց դանդաղ էինք խաղում: Չեմ կարծում, որ շատ պահեր ունեցանք հաշիվը հավասարեցնելու համար:
Պարտվելը միշտ տխուր է: Պետք է վերլուծենք այս խաղը եւ հասկանանք, թե ինչն ենք սխալ արել: Պետք է առաջ շարժվել, հիմա մրցաշրջանի մեկնարկն է: «Աթլետիկոն» շատ լավ թիմ է, որի դեմ խաղալը բարդ է, հատկապես՝ դրսում»,- Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչի խոսքը մեջբերում է Bild-ը:
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում մյունխենցիները Բունդեսլիգայում 5 խաղում տարել են 5 հաղթանակ՝ խփելով 21 գոլ եւ անառիկ պահելով սեփական դարպասը: Իտալացի մասնագետի գլխավորությամբ «Բավարիան» լավագույն մեկնարկն է գրանցել ակումբի պատմության մեջ: