Բաուսա․ Չեմ ցանկանում պատերազմել «Բարսելոնայի» հետ, բայց շարունակելու եմ ճշմարտությունն ասել
ՍպորտԱրգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Էդգարդո Բաուսան հայտարարել է, որ չի ցանկանում տարաձայնություններ ունենալ «Բարսելոնայի» հետ, սակայն շարունակելու է Լիոնել Մեսսիի մասին ասել այն, ինչ մտածում է։
-Այո՛, իմ խոսքերն իրարանցում առաջացրին, սակայն ես շարունակելու եմ Մեսսիի մասին ճշմարտությունն ասել, ասել այն, ինչ մտածում եմ։ Ուշադրություն չեմ դարձնում, թե ինչպես են ընկալում իմ խոսքերը։ Չեմ ցանկանում պատերազմել «Բարսելոնայի» հետ։ Պետք է ընդունել, որ յուրաքանչյուրն իր կարծիքն ունի և կարող է այն արտահայտել, իսկ ես ճշմարտության հայրը չեմ։
Կարող եմ Լուիս Էնրիկեի հետ քննարկել Մեսսիի վնասվածքի հարցը։ Ինձանից լավ ոչ ոք չի հասկանա այդ վնասվածքի մասին, քանի որ ինքս 4 տարի նման վնասվածք եմ ունեցել, իսկ թիմակիցներիս խնդրել եմ անգամ աստիճաններով բարձրանալիս օգնել ինձ,-Բաուսայի խոսքը մեջբերված է «Mundo Deportivo»։
Ավելի վաղ Էդգարդո Բաուսան ակնարկել էր, որ Իսպանիայի առաջնության 5-րդ տուրի՝ «Բարսելոնա»-«Ատլետիկո» (1:1) խաղում Մեսսին վնասվածք է ստացել կատալոնական ակումբի մեղավարությամբ։ Այդ հայտարարությունը դուր չէր եկել «Բարսելոնայի» մարզչական անձնակազմին։
««Բարսելոնան» մեզ նամակ էր ուղարկել, որ հոգ տանենք Մեսսիի առողջության մասին, բայց իրենք բավարար հոգատար չեն։ Տարօրինակ է, որ արդեն իսկ վնասվածք ունենալու դեպքում Մեսսիին ստիպել են մասնակցել «Ատլետիկոյի» հետ խաղին»,-ասել էր Բաուսան։