ԿԲ-ն Հայաստանում փոխարժեքի կտրուկ տատանումներ չի կանխատեսում
ՏնտեսությունԿենտրոնական բանկը Հայաստանում արժութային շուկային միջամտելու անհրաժեշտություն չի տեսնում, քանի որ փոխարժեքի կտրուկ տատանումներ չի կանխատեսում: Սեպտեմբերի 30-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ ԿԲ դրամավարկային քաղաքականության վարչության պետ Վահագն Գրիգորյանը: «Կենտրոնական բանկը բազմիցս հայտարարել է, որ իրականացնում լողացող փոխարժեքի քաղաքականություն և արժութային շուկային միջամտում է միայն այն պարագայում, երբ կտրուկ կարճաժամկետ տատանումներ են լինում: Մենք հիմա նման տատանումներ չենք կանխատեսում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանում 2014թ. արձանագրված փոխարժեքի տատանումները պայմանավորված էին որոշակի վարքագծի փոփոխությամբ: «Մենք դրա մասին բազմիցս խոսել ենք՝ շեշտադրելով գնաճային սպասումները: Խոսքն այն մասին է, երբ ֆիզիկական անձինք, սպասելով, որ այս կամ այն պատճառով գնաճ է լինելու, փորձում են իրենց ապահովագրել արտարժույթ գնելու միջոցով: Ստացվում է, որ այդ գնաճային սպասումները վերջին երկու տարվա ընթացքում բավականին նվազել են, և մենք ունենք փաստացի տվյալներ այդ մասին: Նաև դա է թույլ տալիս Կենտրոնական բանկին նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ այդ սպասումների նվազմանը համարժեք»,- բացատրեց Վահագն Գրիգորյանը:
Եզրափակելով խոսքը՝ ՀՀ ԿԲ դրամավարկային քաղաքականության վարչության պետը կրկնեց, որ նման պայմաններում ԿԲ-ն փոխարժեքի նոր տատանումներ չի կանխատեսում: