Արդարադատության ակադեմիայում դասավանդողներին հանձնվեցին հավաստագրեր
ՀասարակությունԱրդարադատության ակադեմիայի 22 դասավանդողների հոկտեմբերի 4-ին հանձնվեցին հավաստագրեր վերապատրաստման դասընթացներին մասնակցելու համար։
Միջոցառմանը ներկա էին Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին և Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը։
Նատալյա Վուտովան բարձր գնահատեց Եվրոպայի խորհրդի և Արդարադատության ակադեմիայի համագործակցությունը։ Նա նշեց, որ պատրաստված դասընթացների և դասավանդողների ստեղծված խմբի կարևորությունը շատ մեծ է։
ՀՀ գլխավոր դատախազ ԱրթուրԴավթյանն էլ իր հերթին բարձր գնահատեց միջազգային կառույցների և Հայաստանի արդարադատության համակարգի համագործակցությունը։ «Մենք հետևողական ենք դատախազների մասնագիտական որակների բարձրացման ուղղությամբ տարվող աշխատանքների նկատմամբ և պատրաստ ենք համագործակցել դրան նպաստող տեղական և միջազգային կառույցների հետ»,- նշեց Դավթյանը։
Միջոցառումը կազմակերպվել էր «Աջակցություն Հայաստանում քրեական արդարադատության համակարգի բարեփոխումներին և պայքար վատ վերաբերմունքի ու անպատժելիության դեմ» ծրագրի կողմից, որը ֆինանսավորվում է ԵՄ և Եվրոպայի խորհրդի Արևելյան գործընկերության 2015-2017 թվականների ծրագրային համագործակցության կառուցակարգի շրջանակներում: