Կառավարությունը չի քննարկում «Երևան» ՋԷԿ-ը պարտքի դիմաց «Գազպրոմ»-ին օտարելու տարբերակը
ՏնտեսությունՀայաստանի կառավարությունը չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու պարտքի դիմաց «Երևան» ՋԷԿ-ը «Գազմպրոմ» ընկերությանը հանձնելու տարբերակը: Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը՝ պատասխանելով անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հարցին:
«Նախ սկսեմ նրանից, որ այս պահի դրությամբ Երևան ՋԷԿ-ի պարտքը «Գազպրոմ Արմենիա»-ին կազմում է 35 միլիոն դոլար: Ընդհանուր պարտքը կազմել է 52 միլիոն 300 հազար դոլար, սակայն 17 միլիոն 300 հազար դոլարն արդեն մարվել է: Կառավարությունը երբեք չի քննարկել և չի քննարկում Երևան ՋԷԿ-ն այդ պարտքի դիմաց օտարելու տարբերակը»,- ընդգծեց նախարարը:
Անդրադառնալով հարցին՝ ինչպե՞ս է կառավարությունը պատրաստվում մարել այդ պարտքը, նախարարը նշեց, որ կան տարբերակներ, որոնք այս պահին քննարկման փուլում են: Նա հավելեց, որ այս պահին «Գազպրոմ» ընկերության հետ քննարկվում են այդ պարտքը գույքով փակելու հնարավորությունը:
«Որպեսզի թյուրըմբռնում չլինի, ես պարզաբանեմ, թե ինչ գույքի մասին է խոսքը: Հավանաբար, շատերը կհիշեն, որ 90-ականներին գազատարարերի խնդիրներ կային, և այդ խնդիրները լուծելու նպատակով կառուցվել են գազաբաշխիչ ցանցեր, որոնք ժամանակի ընթացքում փոխանցվել են էներգետիկայի նախարարության, իսկ այնուհետև՝ Երևան ՋԷԿ-ի հաշվեկշիռ:
Այժմ դրանք գտնվում են Երևան ՋԷԿ-ի հաշվեկշռում, և հիմա քննարկվում է այդ գազաբաշխիչ ցանցերով պարտքը մարելու հնարավորությունը»,- պարզաբանեց Աշոտ Մանուկյանը: