Լավրովը և Քերին հանդիպում կանցկացնեն Փարիզում. Պետդեպարտամենտ
ՄիջազգայինՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հաջորդ շաբաթ բանակցություններ կվարեն Փարիզում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել են Պետդեպարտամենտում: Ավելի վաղ դիվանագիտական աղբյուրները ՌԻԱ «Նովոստիին» հայտնել են, որ Լավրովի և Քերիի հանդիպումը կարող է հաջորդ շաբաթ տեղի ունենալ Փարիզում:
Պետդեպարտամենտում նշել են, որ հոկտեմբերի 12-ին Քերին կայցելի Կահիրե՝ մասնակցելու Գազայի հատվածի վերականգնմանը նվիրված խորհրդաժողովին, իսկ այնուհետև կուղևորվի Ֆրանսիա:
«Քարտուղար Քերին այցով կժամանի Փարիզ, որտեղ հանդիպում կունենա Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսի, ՌԴ ԱԳ նախարար Լավրովի և այլ գործընկերների հետ»,- ասված է Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ:
Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման ամսաթիվը չի հաղորդվում:
Լավրովի և Քերիի միջև նախորդ հանդիպումը կայացել է Նյու Յորքում սեպտեմբերի 25-ին: Երկկողմ հանդիպման ընթացքում քննարկվել է Ուկրաինայի իրադրությունը և Մինսկի համաձայնագիրը կատարելու անհրաժեշտությունը, որը կոչված է կարգավորել հակամարտությունն այդ երկրում: